ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ԵՄ-ն ներկայացնելու մանդատ չի ստացել։ ԵՄ-ն մերժում է կիպրոսցի թուրքերի անջատողական կազմավորումն օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,-նշել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը նաև պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել հուլիսի 5-6-ը Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին Օրբանի մասնակցության վերաբերյալ՝ նշելով, որ Օրբանի այցը տեղի է ունեցել այդ կազմակերպության հետ «բացառապես Հունգարիայի երկկողմ հարաբերությունների շրջանակում»։
Հունգարիան ստանձնել է Խորհրդի նախագահությունը մինչև 2024–ի դեկտեմբերի 31–ը։
Նշվում է նաև, որ Հունգարիան ԵՄ խորհրդից որևէ մանդատ չի ստացել նաև Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Հուլիսի 5-6-ին հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները, Թուրքիայի փոխնախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր իր այցը Շուշի՝ մեկնելով Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում՝ սատարելու ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել, երբ նա ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։
Հանդիպմանը մասնակցել է նաև այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։