AM
8 July 2024 - 09:45 AMT

Ֆրանսիայում հաղթում են ձախերը․ Լը Պենի գլխավորած ուժը 3–րդն է

Ֆրանսիայում հուլիսի 7–ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ երկու փուլից հետո ապահովելով 182 տեղ Ազգային ժողովում։ Այդ են վկայում երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։

Երկրորդ տեղում նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին» կոալիցիան է, որը 168 մանդատ կունենա, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի գլխավորած ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը» երրորդն է և կստանա 143 մանդատ, հայտնում է BBC–ին։

Մասնակցությունն ընտրություններին կազմել է 66,63%։

Քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովում կա 577 պատգամավոր, մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։

Վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ հրաժարական կտա, սակայն, կշարունակի կատարել պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը։

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթել էր Մարին լը Պենի «Ազգային միավորումը»։ Հունիսի 10–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, երբ պարզվել էր, որ Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն վստահ հաղթանակ է տանում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որ գլխավորում է Մարին լը Պենը։