AM
9 July 2024 - 09:58 AMT

Օրբանը ԵՄ–ին գրավոր ներկայացրել է Պուտին ի և Զելենսկու հետ հանդիպումների արդյունքները

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբին այսպես կոչված «խաղաղարար առաքելությամբ» այցելել է Կիև, Մոսկվա և Պեկին, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ տեղեկացնելով Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մասին։ Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին, հայտնում է «Ազատությունը» եվրոպացի պաշտոնյայի վրա հղումով, որը ցանկացել է անանուն մնալ։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, ուր Օրբանն այցելել էր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո։

«Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ», – նախազգուշացրել է Օրբանը։

Օրբանը նամակում գրել է, որ Ուկրաինա և Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ չի խոսել ԵՄ-ի անունից, այլ միայն ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։

Նա հպանցիկ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, սակայն մանրամասնորեն պատմել է Պուտինի տեսակետները։ Ըստ Օրբանի՝ ռուսական իշխանությունները վստահ են, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»:

Չխոսելով ռուսական կորուստների մասին՝ Հունգարիայի վարչապետի հետ զրույցում Պուտինն անդրադարձել է ճակատում ուկրաինական կորուստների մասին՝ նշելով ամսական 40-50 հազար թիվը։

2024 թվականի փետրվարին Զելենսկին ասել էր, որ 2023 թվականին Ուկրաինան կորցրել է 31 հազար զինվորական, ամերիկյան աղբյուրները հայտնել են 70 հազար սպանված և 120 հազար վիրավոր ուկրաինացի զինվորականների մասին։

«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարը»,- գրել է Օրբանը՝ նշելով, որ և Մոսկվան, և Կիևը պատրաստ են խաղաղ բանակցությունների միայն երկու կողմերի մասնակցությամբ։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Թեև Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի, Օրբանը հայտարարել էր, որ «խաղաղության առաքելության» շրջանակներում այցելել է Պեկին՝ Կիև ու Մոսկվա այցերից հետո։ Այժմ նա Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հոբելյանական 75-րդ գագաթնաժողովին։

Օրբանը քննադատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նա Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող ԵՄ առաջնորդն է։