AM
9 July 2024 - 10:49 AMT

Բայրամով․ Ժամանակն է, որ Հայաստանն ընտրի տարածաշրջանային գործակցությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 8–ին Բավքում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում նոր իրողությունների կառուցման, խաղաղության, կայունության և գործակցության համար։

Նա ասել է, որ եկել է ժամանակը, որ «Հայաստանն ընտրի տարածաշրջանային գործակցությունը», գրում է APA-ն։

Բայրամովը հավելել է, թե ստեղծված պատմական պայմաններում «Ադրբեջանը, ինչպես միշտ, հանդես է գալիս հօգուտ երկխոսության ու խաղաղության, և հայկական կողմի համար եկել է ժամանակը ընտրել տարածաշրջանային համագործակցությունը՝ տարածքային պահանջների փոխարեն»։

Նույն օրը Բայրամովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքին, հայտարարել էր, թե «ՀՀ Սահմանադրության մեջ դեռևս դրույթներ կան Ադրբեջանի դեմ»։

Հուլիսի 9–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակիից միջոցառումներին։ Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հուլիսի 8–ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։