AM
9 July 2024 - 10:51 AMT

ԵՄ–ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը և սառեցրել 30 մլն եվրոյի հատկացումը Վրաստանի ՊՆ–ին

Եվրամիության ղեկավարությունը որոշել է կասեցնել կազմակերպությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ափսոսանքով եմ ասում, որ ԵՄ ղեկավարները պայմանավորվել են կասեցնել Վրաստանի անդամակցումը Եվրամիությանը։ Դա հստակ ասվում է Եվրոպայի խորհրդի զեկույցներում»,–ասել է Գերչինկսին Թբիլիսիում, գրում է ՏԱՍՍ–ը։

Դեսպանը հավելել է, որ դեռևս պարզ չէ կընդգրկվի արդյոք Վրաստանը ԵՄ ընդլայնման հաջորդ ալիքում, թե ոչ։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Եվրամիությունը նաև սառեցրել է 30 մլն եվրո հատկացումը Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին ևս հայտարարել է Գերչինսկին, գրում է Sputnik-georgia-ն։

Այդ գումարը Վրաստանը ստանալու էր Եվրոպական խաղաղության հիմնադրամից։

Դեսպանը հավելել է, որ դա միայն առաջին քայլն է, կլինեն նաև այլ քայլեր՝ աջակցությունը Վրաստանի կառավարությանը կսահմանափակվի, միևնույն ժամանակ կավելանա աջակցությունը ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո նոր կառավարությունը, ինչպիսին էլ լինի, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», – ասել է Գերչինսկին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով 30 մլն եվրո աջակցության կասեցումը ՊՆ–ին, մեղադրել է կառավարությանը անհեռատես և թշնամական քաղաքականություն վարելու մեջ։

«Սա պատասխան է կառավարության հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանությանը, իշխող կուսակցության հիմար և թշնամական քաղաքականությանը»,–ասել է նա։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ խիստ քննադատության արժանանալով երկրի ներսում, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ կողմից։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի կառավարությունը շարունակի իր գործողությունները։

Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու երկիր է, այդ կարգավիճակը ստացել է 2023–ի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը Վրաստանի իշխանություններն անարդար են համարում։ ԵՄ հետ բանակցությունների մեկնարկի համար Վրաստանի դեռևս 9 կետից բաղկացած պայմաններ պետք է կատարի։