ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձով դիմել է ամերիկացիներին նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։
Իր ուղերձում նա հայտարարել է, որ քաղաքական պայքարը երբեք չպետք է դառնա մարտդաշտ, գրում է BBC-ն։
«Պետք է նվազեցնել թեժության աստիճանը քաղաքականության մեջ։ Չի կարելի թույլ տալ, որ բռնությունը նորմ դառնա։ Քաղաքական հռետորաբանությունը մեր երկրում շատ թեժ է։ Ժամանակն է նվազեցնել և դա անելու պատասխանատվությունը բոլորինս է»,–պասել է նա։
Բայդենն ասել է, որ քաղաքականությունը պետք է «խաղաղ բանավեճերի ասպարեզ լինի» և բռնությունը երբեք չի կարող պատասխան լինել։ Նա նշել է, որ «քաղաքական պայքարը երբեք չի կարող իսկական մարտադաշտի, Աստված մի արասցե, սպանության դաշտ դառնալ»։
«Մենք Ամերիկայում մեր տարաձայնությունները լուծում ենք ընտրատեղեմասերում։ Այժմ եկել է ժամանակը դա անելու։ Ընտրատուփի մոտ, ոչ թե փամփուշտների միջոցով»,– ասել է Բայդենը։
Նա շուտափույթ ապաքինում է մաղթել Թրամփին և հերոս է անվանել 50–ամյա հրշեջ Քորի Քոմփերատորեին, որը սպանվել է հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից՝ փամփուշտներից պաշտպանելով իր ընտանիքի անդամներին։
ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում նրա ելույթի ժամանակ։ Նա թեթև վնասվածք է ստացել ականջի շրջանում։ Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Նա նաև նշել է, որ Բռնության նման գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ: