Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի գլխավորած կառավարության հրաժարականը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությանը Ելիսեյան պալատին հղումով։
«Նախագահն ընդունել է Գաբրիել Ատալի գլխավորած կառավարության հրաժարականը, որը, սակայն, կշարունակի ընթացիկ կառավարումը մինչ նոր կառավարության նշանակումը»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ այս իրավիճակը կարող է մի քանի շաբաթ տևել՝ մինչև Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դա նշանակում է, որ կառավարությունը հանդես չի գա օրենսդրական նախաձեռնություններով, սակայն, կարող է արձագանքել ծայրահեղ իրավիճակներին՝ օրինակ, արտակարգ դրություն հայտարարի։
Ատալն ասել է, որ չի ձգտում վերանշանակվել վարչապետի պաշտոնում։
«Ես չեմ ձգտում դառնալ հաջորդ վարչապետը, ես չեմ լինի հաջորդ վարչապետը։ Ես հենց նոր հրաժարական եմ տվել, որն ընդունել է երկրի նախագահը»,–ասել է նա։
Ֆրանսիայում հուլիսի 7–ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ երկու փուլից հետո ապահովելով 182 տեղ Ազգային ժողովում։ Այդ են վկայում երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։ Երկրորդ տեղում նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին» կոալիցիան է, որը 168 մանդատ կունենա, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի գլխավորած ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը» երրորդն է և կստանա 143 մանդատ։






