Հուլիսի 17–ին Բրյուսելում Եվրոպական խորհուրդը տարիներ տևած բանակցություններից հետո ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը, հայտնում է «Ազատությունը» դիվանագիտական աղբյուրների վրա հղումով։
«Անդամ 27 երկրի հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի։
Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։
Հայաստանի հարցով որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհարժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։
Ըստ Յոզվյակի՝ որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար․ հիմնականում խոսքը ներքին խնդիրների մասին է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունելու, բայց նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։ Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, և դրա համար տարիներ կպահանջվեն։
«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցություն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ», – պարզաբանել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։
Կա նաև ազատականացումը դադարեցնելու մեխանիզմ, որն, օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանի դեպքում, ասել է Յոզվյակը։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22–ի նիստի օրակարգում։
«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- գրել է նա։
Առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնն 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է որոշումը վերանայել։