AM
18 July 2024 - 08:51 AMT

Բայդենը վարակվել է կորոնավիրուսով՝ արդեն 3–րդ անգամ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան–Պիեռը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Նա ասել է, որ նախագահը ստացել է և հիմնական, և լրացուցիչ պատվաստումներն, ուստի հիվանդության ընթացքը թեթև է։

81–ամյա Բայդենը հուլիսի 17–ին Լաս Վեգասում մասնակցել էր նախընտրական միջոցառման, երեկոյան նա պետք է հանդես գար ելույթով, սակայն, այժմ այն չեղարկվել է, հայտնում է BBC-ն։

Նախագահը կարանտինն անցկացնելու է իր տանը՝ Դելավեր նահանգում, սակայան, կշարունակի կատարել իր պարտականությունները։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջատար քաղաքական գործիչներից շատերը հորդորում են Բայդենին հանել թեկնածությունը նախագահական ընտրություններից՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ նրա առողջական վիճակը թույլ չի տա նրան հաջող մրցել Դոնալդ Թրամփի հետ և հաղթանակի դեպքում արդյունավետ աշխատել ևս 4 տարի։

Բայդենը դեռևս հրաժարավում է հանել թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձով դիմել էր ամերիկացիներին նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։ Իր ուղերձում նա հայտարարել է, որ քաղաքական պայքարը երբեք չպետք է դառնա մարտդաշտ։

ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարվել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում նրա ելույթի ժամանակ։ Նա թեթև վնասվածք է ստացել ականջի շրջանում։ Համաշխարհային առաջնորդները ևս դատապարտել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: