Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության գծով բաժնի վարիչ Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումից։
Նա հավելել է, որ հանդիպման առաջարկով հանդես է եկել բրիտանական կողմը, գրում է Haqqin.az-ը։
Ըստ նրա՝ «ՀՀ վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»։
«Մեծ Բրիտանիան նման հանդիպման առաջարկով հանդես եկավ, առաջարկվում էր անցկացնել այն Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ կայացած Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ձևաչափով, սակայն հայկական կողմը հրաժարվեց դրանից»,–ասել է Հաջիևը, գրում է ՏԱՍՍ–ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։ Պաշտոնապես նրանց հանդիպման հնարավորության մասին կողմերից ոչ մեկը չէր հայտարարել։