Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պետդումա է ուղարկել «միգրացիոն ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի և միգրացիոն քաղաքականության բարելավման առաջարկները»։ Առաջարկները պատրաստվել են ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ։
Քննչական կոմիտեն առաջարկել է «ավելի խիստ կարգավորել հպատակագրված քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու հարցը»՝ ավելացնելով այն չեղարկելու նոր հիմքեր։ Մասնավորապես, առաջարկվում է առգրավել ՌԴ անձնագիրը «դիտավորությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն նախապատրաստելու, փորձելու կամ կատարելու համար»։ Քննչական կոմիտեն նաև առաջարկել է հանցագործություն կատարելիս ՌԴ տարածքում ապօրինի ներկայությունը ճանաչել որպես ծանրացուցիչ հանգամանք, գրում է Deutsche Welle-ն։
Առաջարկվում է, որ ՌԴ քաղաքացիություն ստացողները ՌԴ անձնագիր ստանալուն զուգահեռ հաշվառման վերցվեն զինկոմիսարիատներում։
Առաջարկվում են նաև մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երկիր ժամանող և լքող օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության խստացմանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում վարքագծի կանոններ են մշակել ներգաղթյալների համար՝ մասնավորապես, ներգաղթյալներին հորդորում են չսուլել, մարդկանց չդիմել «եղբայր» կամ «քույրիկ» դիմելաձևերով, եթե վերջիններս հարազատներ կամ մերձավորներ չեն, չքննարկել անցորդներին մայրենի լեզվով։ Նաև արգելվում է դիպչել անծանոթներին, բռնել ձեռքից կամ հագուստից, քանի որ դա կարող է որակվել որպես ոտնձգություն, և առավել ևս, անթույլատրելի է բռնության գործադրումը։
Ընթերցեք նաև․ՌԴ–ում ներգաղթյալներին կհորդորեն չսուլել, չքննարկել անցորդներին մայրենիով, չօգտագործել «եղբայր» դիմելաձևը