Օրերս ArLeAM ընկերության ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։ Գինեգործների համայնքի 29 ներկայացուցիչ շրջել է ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին և համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։ Հանդիպման օրակարգի շրջանակում քննարկվել են ոլորտի մի շարք հիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը և օրգանական գինու մշակումը։
«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի մեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության և մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտա ներկայացվածություն ապահովել նոր շուկաներում», – ասել է ArLeAM և Door բրենդները ներկայացնող ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը։
ArLeAM-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում Door գինու ապրանքանիշը։ 2022 թվականից ընկերությունն անդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերով հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ Wines of Armenia ապրանքանիշի ներքո՝ տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում: