AM
24 July 2024 - 12:13 AMT

Զախարովա․ ՀՀ ԶՈւ–ին ԵՄ կողմից 10 մլն եվրոյի հատկացումը աշխարհաքաղաքական հաշվարկ է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո հատկացնելու Եվրամիության որոշումը աշխարհաքաղաքական հաշվարկ է և նպատակ ունի ապակայունացնել Հարավային Կովկասը։

«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո հատկացնելու Եվրամիության ծրագրերի հետևում, անշուշտ, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներն են, ուղղված այս տարածաշրջանի՝ Անդրկովկասի վրա, իր կործանարար ազդեցությունը տարածելուն։ Դա տեսանելի է Ուկրաինայի օրինակով՝ որ այսպես կոչված Եվրոպական խաղաղության հիմնադրամը խաղաղության մասին չէ, կայունության մասին չէ, անվտանգության մասին չէ՝ այլ պատերազմի, այդ երկրներին սարդրելու, արյունահեղության մասին է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա ասել է, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում «տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»։

Զախարովան նաև հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին բանակցությունների համար և ստեղծել նրանց համար առավել հարմարավետ պայմաններ՝ «իրենց գերադասած երկկողմ ձևաչափով»: