AM
25 July 2024 - 11:58 AMT

Կիպրոսը ողջունել է ԵՄ որոշումները ՀՀ մասով՝ դրանք համարելով զգալի առաջընթաց

Կիպրոսի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշումներին՝ դա համարելով զգալի առաջընթաց։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում:

«Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ իր գործընկերների հետ՝ Հայաստանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու հարցում՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։