AM
25 July 2024 - 13:46 AMT

Քիմ․ ՀՀ–ն այլընտրանքներ է փնտրում, դա չի նշանակում ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է աջակցել Հայաստանին՝ իր միջազգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում։

«Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին ՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է Քիմը, գրում է Minval.az-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է կապեր հաստատել Երևանի և Բաքվի միջև՝ նպաստելու համար նրանց միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Քիմը հավելել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցության նաև այլ տարբերակներ, այդ թվում ՝ USAID-ի միջոցով։

Նշվել է, որ ընթացիկ ֆինանսական տարում այն կազմել է մոտ 77 մլն դոլար է, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան երկու տարի առաջ: Նշվել է նաև, որ այդ միջոցները կնպաստեն Հայաստանի կայունության ամրապնդմանը կլիմայի և պարենային անվտանգության հարցերում, ինչպես նաև երկիրը մեկուսացումից դուրս բերելուն։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ–ում մեկնարկած համատեղ հայ–ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժությունները, ասել է, որ ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի կոնֆլիկտային ներուժը։ Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել աշխարհի տարբեր մասերում: