AM
25 July 2024 - 15:03 AMT

Օկամպո․ Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP 29–ի, դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։

Լուիս Մորենո Օկամպոն Արմենպրեսին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։ Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։ Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասել է Օկամպոն:

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ COP29-ը խաղաղ պայմաններում անցկացնելու համար պետք է ազատ արձակի հայ գերիներին։

ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։

«Լաչինի միջանցքը միակ ճանապարհն էր, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կապվում էր աշխարհի հետ։ Այն շրջափակելով՝ Ադրբեջանը մարդկանց մեկուսացրեց և ստիպեց ենթարկվել իրեն, իսկ մինչ այդ էլ Բաքուն բազմիցս ասել էր, որ պատրաստվում է ոչնչացնել նրանց։ Այս ամենից պարզ է դառնում, որ սա ցեղասպանություն է»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ մարդկանց բռնի տեղահաննությունն էլ ցեղասպանության տեսակ է, ինչն իրավաբանորեն սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով։ Օկամպոն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել և գործել, ոչ թե լռություն պահպանել։

«Հայերը դիմադրության և տոկունության օրինակ են»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նկատել է, որ Բայդենը ոչինչ չի ասում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որն իրականացրել է Ադրբեջանը։

«Որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Այստեղ հիմնարար դերակատարը Հայաստանն է և առաջին հերթին՝ սփյուռքի հայությունը»,- նշել է Օկամպոն։

Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է, որ կարող է ինչ-որ բանով օգնել հայերին այս ճգնաժամային իրավիճակում, որ կա ամբողջ աշխարհում։

«Մենք ցանկանում ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօրվա աշխարհում տալիս են սոցիալական ցանցերը։ Լեռնային Ղարաբաղի հայերը հզոր ձայն ունեն, նաև Հայաստանը մարդկանց հսկայական խումբ ունի ամբողջ աշխարհում։ Ինձ դուր եկավ հայկական խմբերի առաջարկը՝ միասին աշխատել արշավի համար, և ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, սոցիալական ցանցերի հսկայական համայնք ստեղծելն է, որտեղ հենց հայերը կպաշտպանեն հայերին: Հետո կներգրավենք կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարդկանց, որոնք նույնպես կպաշտպանեն հայերին։ Սա է պլանը»,- մանրամասնել է Օկամպոն։

Նրա խոսքով՝ անհնար է անտեսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպանությունը։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի: Աշխարհի բոլոր երկրները դա գիտեն, և ոչ ոք ոչինչ չի անում։ Ես հավատում եմ հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ հնարավոր է»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։