Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրացում չի սպասվում։ Այդ մասին ասվում է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո», – նշված է զեկույցում:
Fitch-ի կարծիքով՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, ինչպես նաև վերջինիս Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։
«Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», – նշում է գործակալությունը:
Վերջինս իր զեկույցում անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով․ «Ըստ երևույթին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են, երբ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը և բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` միաժամանակ զորավարժություններ անցկացնելով ԱՄՆ-ի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է»։
Fitch-ը չի ակնկալում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցներ, և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կկատարի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։