Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը հաստատել է BB- մակարդակում՝ կայուն հեռանկարով:
Fitch-ի սանդղակում «BB-»–ը 24-ից 13-րդ տեղում է (որտեղ 24-րդը ամենավատն է): Առաջին տասնյակը նշանակում է բարձր ներդրումային որակի արժեթղթեր:
Գործակալությունը պահպանել է ՀՀ վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։ Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը, հայտնում է Sputnik Արմենիան։
Գործակալության գնահատմամբ՝ տնտեսական աճը նախկինի պես պահպանվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղից ինտենսիվ ներքին միգրացիայի հաշվին: Ակնկալվում է, որ զբոսաշրջությունը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը կդառնան տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժեր։
Fitch-ն անդրադարձել է նաև Ամուլսարի ոսկու հանքին։ Կանխատեսվում է, որ 2025 թվականից հանքի շահագործման դեպքում դրական ազդեցություն կլինի արտահանման և առհասարակ տնտեսական աճի վրա:
ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: