AM
30 July 2024 - 09:42 AMT

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր․ Էրդողանը ԼՂ–ում ջիհադականների է օգտագործել իր հանցագործությունների համար

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Թուրքիան կմտնի Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ, նշել է, որ նա ԼՂ–ում նաև ջիհադականների է օգտագործել իր հանցագործությունների համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Էրդողանը, որը ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանգիստ բացատրում է, որ դա արդեն արել է Լեռնային Ղարաբաղում։ Նա նաև ջիհադականների է օգտագործել իր հանցագործությունն իրականացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել 44–օրյա պատերազմին։ Նա սպառնացել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, «ինչպես ժամանակին մտավ Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա»։

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նաև Իսրայելի պարագայում։ Ոչ մի անհնարին բան չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք՝ նման քայլերի դիմելու համար»,–ասել է Էրդողանը

Մինչդեռ Բաքվում դժգոհել են ԼՂ մասին Էրդողանի հայտարարությունից՝ նշելով, թե «Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերել» Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ։