Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին, որի թիրախը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարն էր, որին պատասխանատու են համարում Գոլանի բարձունքների հրթիռակոծման ժամանակ երեխաների զոհվելու համար։ Այդ մասին հայտարարել է իսրայելական բանակը՝ Ցախալը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ զոհի և 68 տուժած քաղաքացիական անձանց մասին, որից 5–ի վիրավորումը ծանր է։ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքատին դատապարտել է հարվածը՝ անվանելով այն «աղաղակող իսրայելյան ագրեսիա»։
Ըստ Լիբանանի պետական ԶԼՄ–ների հարվածը հասցվել է ԱԹՍ միջոցով, որը 3 հրթիռ է արձակել։
«Իսրայելի պաշտպանության բանակը թիրախային հարված է հասցրել Բեյրութում՝ երեխաների սպանության համար պատասխանտու հրամանատարին»,–ասվում է Ցախալի հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն։
Հարվածը հասցվել է «Հեզբոլլահի» շտաբին, որը գտնվում է Բեյրութի հարավային արվարձանում։ Ըստ կադրերի՝ տուժել են 8 հարկանի շենքի վերջին հարկերը։
«Հեզբոլլահին» մոտ AFP–ի աղբյուրը հայտնբել է, որ հարվածն ուղղված էր ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի դեմ, սակայն, նա ողջ է մնացել։ Դա հաստատում են նաև Reuters–ի աղբյուրները։ Մինչդեռ Sky News Arabia–ն, իր աղբյուրների վրա հղումով, հայտնել է, որ հրամանատարը զոհվել է։
«Հեզբոլլահի» կողմից հուլիսի 27–ին Իսրայելի գրավյալ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի արդյունքում 12 երեխա և դեռահաս է զոհվել, որոնք ֆուբոլի դաշտում էին։
2017–ին ԱՄՆ–ն 5 մլն դոլար էր առաջարկել Շուքրի մասին տեղեկության համար՝ նրան անվանելով «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի ավագ խորհրդական և հայտարարելով, որ նա է գլխավոր դերակատարը եղել 1983–ին Բեյրութում ԱՄՆ ծովային հետևակի զորանոցների մահաբեր պայթեցման համար։