Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ամերիկյան Հադսոն ինստիտուտի առցանց սեմինարի ժամանակ իր ելույթում, հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց կա, սակայն Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ ՀՀ սահմանադրությունը չի փոխվել։
Ըստ նրա, միակ խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջներն են», որ կան ՀՀ սահմանադրության մեջ, գրում է Trend-ը։
«Մենք զգալի առաջընթացի ենք հասել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և փոխել իրավիճակը Հարավային Կովկասում՝ վերածելով այն բարիդրացիության, կայունության և խաղաղության վայրի։ Ինչպես գիտեք, այս գործընթացը շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Մենք ունեցել ենք միջնորդության գրեթե երեք տասնամյակ, բայց անցյալ դեկտեմբերին երկու երկրները որոշեցին, որ բանակցությունները շարունակելու և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և ամենահեռանկարային ձևաչափը երկկողմ ուղիղ ձևաչափն է։ Եվ եղան որոշ նշանակալի ձեռքբերումներ, այդ թվում՝ վստահության ամրապնդման տեսակետից»,- ասել է Ամիրբեկովը։
Նա հավելել է, որ եթե նայենք պայմանագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը շատ մոտ են դրա ավարտին։
«Ադրբեջանը մտադիր է անել հնարավոր ամեն բան՝ արդարացնելու ամբողջ միջազգային հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեկընդմիշտ լուծելու այն հարցը, որն ընկած է այս հակամարտության հիմքում, այն է՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային պահանջների» հարցը։ Ուստի հուսով ենք, որ մնացած դժվարությունները սեղմ ժամկետում պատշաճ կերպով կլուծվեն, և մենք կկարողանանք հասնել հուսալի, կայուն և հարատև խաղաղության»,-նշել է Ամիրբեկովը։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ չի կարող խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին խոսել՝ համարելով դա աննպատահարմար։
«Դա մեծապես կախված կլինի հայկական կողմի կարողությունից և պատրաստակամությունից՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ավարտին մնացած միակ խոչընդոտը՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ինչպես արդեն նշվել է, խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերն իրագործելի են, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջների վրա։ Ուստի՝ որքան շուտ լուծվի այդ հարցը, այնքան շուտ վերջնական որոշման կհասնենք»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։