Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը։
Նա ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «համարձակ քայլերը» Ռուսաստանից դիստանցավորվելու առումով։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն աշխատում է այնպիսի պայմանների ստեղծման վրա, որոնք թույլ կտան Հայաստանին հրաժարվել ՌԴ հետ ավանդական ամուր հարաբերություններից, գրում է ՏԱՍՍ–ը։
Օ’Բրայենն ասել է նաև, որ Կենտրոնական Ասիայի երկրները այժմ կարող են միջազգային շուկա դուրս գալ միայն ՌԴ և Չինաստանի տարածքով, սակայն, եթե ԱՄՆ–ն կարողանա «բացել Ադրբեջանով և ՀՀ–ով անցնող ուղին, նրանց հասանելի կդառնա համաշխարհային շուկան և կնվազեցնի նրանց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից»։
Նա նշել է նաև, որ իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում «զգալի խզում են առաջացրել և Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է դիստանցավորվել ՌԴ–ից»։
«Այնպես որ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա»,–ասել է Օ’Բրայենը։
Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ–ն արձագանքում «առավել սերտ գործակցության» մասին խնդրանքներին՝ նա ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենի հանդիպմանը ստեղծվել է «նոր հարթակ Հայաստանին աջակցելու և նրան կախվածությունը ՌԴ–ից նվազեցնելու համար»։
«ՀՀ–ն գրեթե լիովին կախված է Ռուսաստանից տնտեսակն և էներգետիկ առումով և մենք պետք է հասնենք դիվերսիֆիկացման»,–ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ–ն Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հուսով է, որ «Երևանը չի գնա Կիևի ռեժիմի ճանապարհով»։ Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։