«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտարարություն է տարածել Վատիկանի L'Osservatore Romano պաշտոնաթերթը վերջերս հրատարակված մի հոդվածի մասին, որը հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։
Հոդվածը կոչվում է «Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» (A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole» վերնագրով):
«Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, ով հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին և նշում, որ այցելել է «Garabagh» /ընդգծումը՝ հոդվածից/, ծանոթացել աղվանական ժառանգության նշանավոր վանքերին։
Հարկ է նշել, որ հոդվածը զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների և տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում»,–ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
«Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրև թե կերտում է իր «բազմամշակութային և ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։Ընդամենն ամիսներ առաջ այսպես կոչված «աղվանական ժառանգության» ֆոտոցուցահանդես կազմակերպվեց Լեհաստանում, որտեղ կրկին Ադրբեջանի դեսպանատունն ուներ իր ակտիվ ներգործությունը։ Այս ամբողջը վտանգավոր հող է պատրաստում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրման, պատմական փաստերի կեղծման և միջազգային հարթակների միջոցով այդ թեզերի տարածման համար։
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ալիևյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»,- ասվում է հայտարարությունում:
44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն ոչնչացնում է ամեն հայկականի հետք Լեռնային Ղարաբաղում, իսկ որտեղ դա հնարավոր չէ, հայկական հուշարձաններն ու վանքերը ներկայացնում է որպես «աղվանական» կամ «ուդիական»։ Բաքուն մինչ օրս թույլ չի տվել ՅՈւՆԵՍԿՕ–ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։