AM
31 July 2024 - 13:20 AMT

Bild. ԼՂ դեմ պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է ԱԹՍ–ներով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով

Գերմանական Bild-ն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «կմտնեն Իսրայել, ինչպես մտան Ղարաբաղ ու Լիբիա», նշել է, որ խոսքը երկու հակամարտությունների մասին է, որոնցում Թուրքիան ռազմական միջամտություն է ունեցել։

Ըստ հրապարակման՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով, հայտնում է Factor.am-ը։

Լիբիայում թուրք զինվորներն անցել են միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմը՝ ընդդեմ գեներալ Հաֆթարի զորքերի։

«Թուրքիան ունի ժամանակակից սարքավորումներով զինված մեծ բանակ, որի թվաքանակը կազմում է 450 հազար գործող զինվորականից մի փոքր պակաս։ Թուրքական բանակը գործում է հարևան Իրաքում և Սիրիայում, որտեղ մի քանի ռազմակայաններ ունի։ Մի քանի տասնյակ հազար թուրք զինվորներ նաև տեղակայված են Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում»,–ասվում է հրապարակման մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։ Այդ հայտարարությունը դժկամություն է առաջացրել Բաքվում։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։