ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է ռուսական կողմի կարծիքը 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից զենքի զանգվածային գնման վերաբերյալ, մասնավորապես այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը, Իտալիան, Սերբիան և այլն, որոնք տեղի են ունենում այն ֆոնին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»՝ այսինքն հող է նախապատրաստում ագրեսիայի համար, հայտնում է Panorama.am-ը։
Նաստասինն ասել է, որ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում ու տարածաշրջանում։ Արևմուտքի ակտիվ գործողություններ են, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ ուղղված Հարավային Կովկասում առկա կապերի ոչնչացմանը։ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը և այն վերածել լարվածության հերթական օջախի կամ նույնիսկ երկրորդ ճակատի ՌԴ-ի սահմանների մոտ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ դրա համար նրանք փորձում են ներխուժել տարածաշրջանի գործընկերների հետ ՌԴ հարաբերությունների բոլոր ոլորտներ։ Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն է գրավում անվտանգության թեման, և մի անգամ չէ, որ Մոսկվան խոսել է Հայաստանում «ԵՄ հետախուզական առաքելության մասին»։