AM
5 August 2024 - 13:34 AMT

Շոյգուն Իրանում է՝ կհանդիպի Փեզեշքիանի և այլ պաշտոնյաների հետ

ՌԴ Անվտանգության խորհրդաի նախագահ Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան։ ԱԽ աշխատակազմը հայտնել է, որ այցը պլանավորված աշխատանքային այց է։

Թեհրանում Շոյգուն հանդիպելու է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Նա հանդիպում կունենա նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, գրում է «Արգումենտի ի ֆակտին»։

Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ անվտանգության և առևտրատնտեսական ոլորտներում։ Քննարկման առարկա կդառնան նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարվածներ հասցնել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios հարթակն իր աղբյորների վրա հղումով։ Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի ԱԳ նախարարների հետ՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։

Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։