AM
7 August 2024 - 07:48 AMT

Սպանված Հանիայի պաշտոնը ՀԱՄԱՍ-ում կզբաղեցնի Յահյա Սինվարը

Թեհրանում սպանված Իսմայիլ Հանիայի պաշտոնը ՀԱՄԱՍ-ում կզբաղեցնի Յահյա Սինվարը, որը մինչ այդ կազմակերպության քաղբյուրոյի ղեկավարն էր Գազայում։

«Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժումը հայտարարում է, որ Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղաքական թևի ղեկավար», – ասվում է խմբավորման հայտարարության մեջ, գրում է BBC-ն։

Վերլուծաբաններից շատերը կարծում են, որ Սինվարն է 2023–ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա համակարգված հարձակումների շարքի գլխավոր կազմակերպիչն ու ռազմավարը, որոնց զոհ գնաց մոտ 1200 մարդ։ Սինվարի գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ, համարվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, դեռ թաքնվում է Գազայի տարածքում, որտեղ իսրայելական զորքերը կռվում են արդեն 11-րդ ամիսը:

Սինվարը Գազայի հատվածում խմբավորման ղեկավար է դարձել 2017 թվականին։ Մինչ այդ նա երեք անգամ հայտնվել է իսրայելական բանտում, որտեղ վերջին անգամ պետք է կրեր 4 ցմահ ազատազրկում։ Նրան հաջողվել է ազատության մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ նա մեկն էր այն մոտ հազար գերիներից, որոնց Իսրայելն ազատ է արձակել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի դիմաց, որը մի քանի տարի պաղեստինյան գերության մեջ էր։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել «արագ վերացնել» Սինվարին։

«Գլխավոր ահաբեկիչ Յահյա Սինվարի նշանակումը ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ՝ Իսմայիլ Հանիայի փոխարեն, ևս մեկ համոզիչ պատճառ է նրան հնարավորինս արագ վերացնելու և այս զազրելի կազմակերպությունը երկրի երեսից ջնջելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում:

Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։