Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն Օլիմպիական արծաթե մեդալը նվիրում է հայրենիքին:
Փարիզից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողները նրանից հետաքրքրվել են ո՞ւմ է նվիրում մեդալը, Դավթյանն էլ ասել է «իմ երկրին», հայտնում է Aysor.am-ը։
«Չեմ կարող ոչ մեկին առանձնացնել, բոլորս էլ հայ ենք, նվիրում եմ իմ երկրին»,- ասել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը:
Դավթյանի մեդալային հավաքածուում պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը, նա վստահեցրել է, որ կաշխատի, կփորձի լրացնել այդ բացը:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում: Երկու ցատկերի հաշվարկով նա վաստակել է 14․ 966 միավոր և գրավել երկրորդ տեղը, նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։ Նա առաջինն է Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճում այս Օլիմպիադայում։