ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և որ Իրանն ու Իսրայելը պետք է խուսափեն հակամարտությունը սրելուց։
Անդրադառնալով Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիայի պաշտոնում Յահյա Սինվարի նշանակմանը՝ Բլինքենն ասել է, որ Սինվարն ունակ է ապահովելու Գազայում հրադադարի մասին համաձայնությունը։ Նա հավելել է, որ հրադադարի և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները շարունակվում են, չնայած Հանիայի սպանությանը, և ավարտական փուլում են, հայտնում է BBC-ն։
«Նա եղել և մնում է գլախվոր մարդը ՀԱՄԱՍ–ում, որը որոշումներ է ընդունում, երբ խոսքը հրադադարի մասին է։ Կարծում եմ՝ հենց նա պետք է որոշի՝ անհրաժեշտ է արդյոք առաջ գնալ հրադադարի հարցում, որն օգուտ կտա բազում պաղեստինցիների»,–ասել է նա։
Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։