AM
7 August 2024 - 14:58 AMT

Ամիրբեկով․ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն«Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է, որ կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», – նշել է Ամիրբեկովը։

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

«Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», – ասել է նա։ պնդել է, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին։

Նա հավելել է, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար:

«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», – ասել է Ամիրբեկովը:

Բաքուն մի քանի անգամ շեշտել է՝ խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։