AM
8 August 2024 - 10:40 AMT

Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե «Արցախում բնակվող հայերը ևս կարող են քվեարկել մեջլիսի ընտրություններում»

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, թե Ադրբեջանը «տարբերություն չի դնում Ղարաբաղի ադրբեջանցի և հայ բնակիչների միջև» և որ նրանք ևս «կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։

Նա նշել է, թե Արցախի և հարակից տարածքներում 55 ընտրատեղամաս է բացվել, հայտնում է Haqqin.az-ը։

Նա ասել է, որ ընտրատեղամաս է բացվել նաև Ստեփանակերտում։

Մինչդեռ հայտնի է, որ էթնիկ զտման ենթարկված և հայաթափված Արցախում մոտ մեկ տասնյակ հայ է մնացել ընդամնեը։

Սեպտեմբերի 1-ին նշանակված Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 9-ին։ Ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։