Մեքսիկայի գործող նախագահը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի հորդորը, եթե նա մասնակցի նորընտիր նախագահի հոկտեմբերի 1–ին կայանալիք երդմնակալությանը, գրում է Meduza-ն։
Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը խնդրել է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին։ Այդ հորդորը հրապարակվել է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում:
«Մենք չենք կարող դա անել: Դա մեզանից կախված չէ», – ասել է գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը լրագրողներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեքսիկայի իշխանությունները բազմաթիվ երկրների ղեկավարների են հրավիրել նախագահի երդմնակալությանը, այդ թվում՝ ՌԴ նախագահին։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։