AM
27 August 2024 - 08:25 AMT

Telegram-ի հիմնադիր Դուրովը կասկածվում է 12 հանցագործության մեջ

Փարիզի դատախազությունը հաստատել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը կապված է մեսենջերի կառավարման հետ և որ նա կասկածվում է 12 հանցագործության մեջ։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է Novaya Gazeta Europe-ը։

Դատախազությունում պնդում են, որ Դուրովի գործով դատավարությունը սկսվել է դեռևս հուլիսի 8–ին։ Մեղադրանք է առաջադրվել «չպարզված անձանց», իսկ Դուրովը կարող էր ձերբակալվել որպես վկա։

Դուրովին կասկածում են հետևյալ հանցագործություններին առնչություն ունենալու մեջ․ մեղսակցություն կազմակերպված խմբերի ապօրինի գործարքների իրականացման համար առցանց հարթակի կառավարմանը, իրավապահ մարմինների պահանջով հետաքննության անցկացման և օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրման մերժում, մեղսակցություն անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության պահպանմանը, մասնակցություն թմրամիջոցների տարածմանը, մասնակցություն կիբերհանցագործություններին, կազմակերպված հանցավոր խմբերի կազմում խարդախությանը:

Դուրովը հարցաքննվում է ընդհանուր 12 հոդվածով։ Նա կալանքի տակ կարող է մնալ մինչև օգոստոսի 28–ը։

Պավել Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24–ին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում Ադրբեջանից վերադառնալիս։ Նա Փարիզ էր ժամանել իր սեփական օդանավով։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է: