Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ հանդիպխմանը քննարկվել է Ադրբեջանի և ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել «տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», գրում է Haqqin.az-ը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ գործել են «Մեկ ազգ՝ մեկ պետություն» կարգախոսով։
«Առաջիկայում ևս մենք կսատարենք միմյանց և լավ, և դժվարին օրերին։ Հավատում եմ, որ ապագայում մենք կշարունակենք սերտ համագործակցությունը հանուն երկու երկրների եղբայրության և բարեկամության»,–ասել է նա։
Բայրամովն իր հերթին ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի զգալի մասը համաձայնեցվել է բանակցությունների ընթացքում, սակայն, ամենամեծ խոչընդոտը «ՀՀ սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ»։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։