Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի արագ վերազինումը մտահոգիչ է, և որ Երևանին դրան դրդում են երրորդ երկրները։
«Անշուշտ, Ադրբեջանը հետևում է այդ գործընթացներին և դա անում է Թուրքիայի հետ համակարգված, և մեր դիրքորոշումը միասնական է։ Դա փոխադարձ աջակցությունն է, ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Այդպես է շարունակվելու նաև միջազգային ասպարեզում»,–ասել է նա, հայտնում է APA-ն։
Բայրամովն ասել է նաև, որ Հայաստանի այդ քաղաքականությունը «վտանգի լրացուցիչ աղբյուր է տարածաշրջանի համար»։
Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։