AM
28 August 2024 - 10:46 AMT

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցեր

Օգոստոսի 28–ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Անդրադարձ է եղել նաև սահմանազատմանն ու սահմանագծմանը Ադրբեջանի և ՀՀ միջև, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումների մշակման հարցում։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների վերաբերյալ և նշել, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործումը կնպաստի ռուս–ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անձնական շփումները շարունակելու վերաբերյալ։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։