AM
29 August 2024 - 09:08 AMT

Դուրովին 5 մլն եվրո գրավով բաց են թողել, բայց արգելել են հեռանալ Ֆրանսիայից

Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 5 մլն եվրո գրավի դիմաց, սակայն նա չի կարող լքել Ֆրանսիայի տարածքը և շաբաթական 2 անգամ պետք է ներկայանա ոստիկանություն։

Նրան մեղադրանք է առաջադրվել 12 կետով, որոնք նշված էին Փարիզի դատախազության նախնական հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ն։

Դուրովին կասկածում են հետևյալ հանցագործություններին առնչություն ունենալու մեջ․ մեղսակցություն կազմակերպված խմբերի ապօրինի գործարքների իրականացման համար առցանց հարթակի կառավարմանը, իրավապահ մարմինների պահանջով հետաքննության անցկացման և օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրման մերժում, մեղսակցություն անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության պահպանմանը, մասնակցություն թմրամիջոցների տարածմանը, մասնակցություն կիբերհանցագործություններին, կազմակերպված հանցավոր խմբերի կազմում խարդախությանը:

ՌԴ իշխանությունները պահանջում էին ազատ արձակել Դուրովին որպես «Եվրոպայի կրկնակի ստանդարտների» զոհ, մինչդեռ ժամանակին իրենք էին փորձում արգելափակել Telegram–ը համագործակցության առաջարկը մերժելու համար։

Դուրովը միլիարդատեր է դարձել՝ կարողություն կուտակելով իր ստեղծած սոցցանցերի շնորհիվ։ Forbes–ը գնահատում է այն 15․5 մլրդ դոլար։ Նա 122–ն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Պավել Դուրովը ձերբակալվել էր օգոստոսի 24–ին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում Ադրբեջանից վերադառնալիս։ Նա Փարիզ էր ժամանել իր սեփական օդանավով։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է: