Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն ընթանում են Մոսկվայի հետ պայմանավորվածությունների հունով։ Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Կարևոր է, որ բանակցությունները երկու կողմերի միջև (Բաքվի և Երևանի) ընթանում են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հունով։ Ապագա պայմանագրի համաձայնեցումից բացի, խոսքը նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման մասին է, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների մասով շփումների հաստատման մասին»,–ասել է նա։
Դեսպանը նաև հուսով է, որ Երևանն ու Բաքուն սեղմ ժամկետում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։
«Ըստ կողմերի պաշտոնական հայտարարությունների՝ խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլինի դրա ստորագրման մեջ իր ներդրումն ունենալ։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,–ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։
Օգոստոսի 28–ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև սահմանազատմանն ու սահմանագծմանը Ադրբեջանի և ՀՀ միջև, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումների մշակման հարցում։