AM
2 September 2024 - 08:25 AMT

Բաքվից հիմա էլ հորդորում են կասեցնել ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում

Բաքվից հիմա էլ հորդորում են կասեցնել ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն այլևս առաքելության գործունեության անհրաժեշտություն չի տեսնում։

«Հաշվի առնելով, որ երկու երկրի միջև սահմանազատման գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ ԵՄ սահմանային առաքելությունը գործի Ադրբեջանի սահմանի մոտակայքում՝ Հայաստանի կողմից։ Ժամանակն է դադարեցնել այդ առաքելության գործունեությունը»,–ասել է Հաջիևը, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հիշեցրել է, որ Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

«Ըստ պայմանավորվածությունների, հիմք և շրջանակներ են ստեղծվում սահմանազատման գործընթացի համար։ Այն հետագայում ևս կշարունակվի երկկողմ հիմքով` փոխըմբռնման պայմաններում։ Սահմանազատման հարցը զուտ երկկողմ բնույթ ունի»,–ասել է Հաջիևը։

Օգոստոսի 30–ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։