AM
2 September 2024 - 13:28 AMT

Բայրամով․ Հայաստանը մի քանի կարևոր կետ դուրս է թողել խաղաղության պայմանագրի նախագծից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մի քանի կարևոր կետ է դուրս թողել խաղաղության պայմանագրի նախագծից և որ Բաքուն իր առաջարկների փաթեթը կներկայացնի Երևանին։

Նա ասել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում «իրողությունը չարտահայտող տեսակետներ է հայտնել», գրում է Haqqin.az-ը։

Բայրամովն ասել է, որ Բաքուն իր առաջարկները ներկայացրել էր հունիսի 24–ին, մինչդեռ Երևանն իր տարբերակը փոխանցել է միայն 70 օր անց։

«Հայաստանի ներկայացրած առաջարկների փաթեթից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր, որոնց շուրջ կողմերը չեն եկել համաձայնության։ Հայաստանում կարծում են, թե իբր այդկերպ կարելի է լուծել հարցը, մինչդեռ հիմնական, ճակատագրական կետերը ներառված չեն»,– ասել է Բայրամովը։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ոչ մեկից չունի տարածքային պահանջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: