AM
2 September 2024 - 14:30 AMT

ԵԱՀԿ դիտորդները լուրջ անհամապատասխանություններ են տեսել Ադրբեջանում անցած ընտրությունների ձայների հաշվարկում

ԵԱՀԿ դիտորդները լուրջ անհամապատասխանություններ են տեսել Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերում, մասնավորապես՝ ձայների հաշվարկում։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշատին։

«Լուրջ անհամապատասխանություններ և անհետևողականություն է եղել կարևոր ընթացակարգերի, մասնավորապես ձայների հաշվարկի, կիրառման և ապահովման մեջ»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Քրիդն ասել է, որ ընտրարշավն ու քվեարկությունը հստակ և արդյունավետ էին կազմակերպված, սակայն «ընտրողները չուներին իրական քաղաքական այլընտրանք, իսկ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական սահմանափակումների պայմաններում»։

Դիտորդներն առանձին որպես դրական միտում նշել են կանանց բարձր ներգրավվածությունը ընտրություններում;

Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած միլի մեջլիսի ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությունը՝ «Ենի Ադրբեջանը», 68 մանդատ կունենա՝ մեծամասնություն ապահովելով խորհրդարանում։