Իրանի ԱԳՆ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է ՌԴ դեսպանի հետ։ Ըստ հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին, ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, հայտնում է Factor.am-ը։
Թեհրանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը փոխարտգործնախարարը և Եվրասիական հարցերով գլխավոր տնօրենը նշել են, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Կովկասում ընթացիկ իրադարձություններին մասին, ընդգծվել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ՝ նպաստելու տարածաշրջանի երկրների միջև համագործակցությանը։
Կողմերը քննարկել են նաև 3+3 խորհրդատվական մեխանիզմի շրջանակում առաջիկա հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28–ին, մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը, ասել էր, որ երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։
«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայիշահերը»,-ասել է նա։