Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գծով մամուլի քարտուղար Պետեր Ստանոն քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով որ դրանք չեն եղել մրցակցային և անցել են սահմանափակումների պայմաններում։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում, զուրկ էին մրցակցությունից։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը նշել էր նաև այլակարծության շարունակական ճնշումը»,–ասվում է գրառման մեջ։
Ստանոն նաև կոչ է արել Բաքվին կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի հանձնարարականները։
ԵԱՀԿ դիտորդները լուրջ անհամապատասխանություններ են տեսել Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերում, մասնավորապես՝ ձայների հաշվարկում։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշատին։ Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Քրիդն ասել է, որ «ընտրողները չուներին իրական քաղաքական այլընտրանք, իսկ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական սահմանափակումների պայմաններում»։
Ադրբեջանում սեպտեմբերի 1–ին կայացած միլի մեջլիսի ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությունը՝ «Ենի Ադրբեջանը», 68 մանդատ կունենա՝ մեծամասնություն ապահովելով խորհրդարանում։