Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ աշխատանքային ճաշի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիքն՝ դժգոհելով ԵՄ որոշ երկրներից և խոսելով ՀՀ սահմանադրությունը փոխելու «կարևորության մասին»։
Ալիևն ասել է, թե ԵՄ և Ադրբեջանի միջև լավ կապեր կան, սակայն «որոշ եվրոպական երկրներ խոչընդոտներ են ստեղծում այդ հարաբերությունների զարգացման համար», գրում է APA-ն։
Խոսելով ՀՀ հետ կարգավորման մասին՝ Ալիևն ասել է, որ հենց «Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում «լուրջ ձեռքբերումներ են գրանցվել»՝ իրականացվել է ավելի քան 12 կմ սահմանամերձ տարածքի սահմանազատում և «Բաքվի հսկողությանն է վերադարձվել ադրբեջանական 4 գյուղ»։
Ալիևը հայտարարել է, թե չնայած այդ ամենին, ՀՀ սահմանադրության մեջ «դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ՝ կարևորելով դրանց վերացումը սահմանադրական փոփոխությունների արդյունքում», որից հետո «լավ հիմք կստեղծվի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։