AM
6 September 2024 - 09:14 AMT

Իտալիայի վարչապետ․ ԵՄ դերը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման ճանապարհի անբաժանելի մասն է

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հռոմն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Նա շեշտել է ԵՄ դերն այդ գործընթացին։

«Ես ցանկանում եմ վերահաստատել Իտալիայի հավատարմությունը Կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ընդգծելով, որ Եվրամիության դերը այդ ճանապարհի անբաժանելի մասն է։ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ամբողջ տարածաշրջանի համար նաև կապերի առումով»,–ասվում է գրառման մեջ։

Ալիևի Իտալիա կատարած այցի շրջանակում իտալական ENI–ն և ադրբեջանական SOCAR–ը 3 հուշագիր են կնքել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ աշխատանքային ճաշի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիքն՝ դժգոհելով ԵՄ որոշ երկրներից և խոսելով ՀՀ սահմանադրությունը փոխելու «կարևորության մասին»։