AM
6 September 2024 - 10:26 AMT

Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում տեղի ունեցած միջազգային համաժողովում հայտարարել է, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է։

«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Սա փոքր քայլ է, համաձայնեցված է սահմանի միայն 13 կիլոմետրանոց հատվածը, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը», – ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։