Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։ Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը»,- ասել է իրանցի դիվանագետը, հայտնում է «Ազատությունը»։
Մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։