Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է, որ Հս․ Մակեդոնիայի հավաքականը բարձրակարգ թիմ է, գիտեն մրցակցին, հայտնում է Armsport-ը։
«Հս․ Մակեդոնիայի հավաքականը բարձրակարգ թիմ է։ Վերլուծել ենք, նրանց խաղը դիտել ենք։ Պատրաստվում ենք վաղվա խաղին, գիտենք մրցակցին։
Ի՞նչ փոփոխություն կլինի առաջիկա խաղում․․․ Դեռ ժամանակ ունենք, այսօր նախախաղային մարզումն է, մենք նաև վերլուծում ենք տվյալները, ըստ այդմ կկազմենք թիմի մարտավարությունը վաղվա խաղի համար։ Մենք շատ աշխատանք ենք կատարում, խաղից խաղ ֆուտբոլիստները բարելավում են իրենց որակները։
Ես շատ ուրախ եմ, որ թիմում կա Հարոյանի պես ֆուտբոլիստ (նա վաղը 85-րդ հանդիպումը կարող է անցկացնել հավաքականի կազմում): Գոհ եմ նրա պահվածքից, մոտեցումից՝ մարզումներին և խաղերին։ Նույնը կարող եմ ասել նաև Հովհաննիսյանի, Չանչարևիչի, Չալըշըրի վերաբերյալ։ Նրանց առկայությունը կարևորում եմ հավաքականում։ Իսկ Նաիր Տիկնիզյանի հետ ամեն ինչ կարգին է, նա պատրաստ է վաղվա խաղին»,–ասել է մարզիչը։
Նա նաև նշել է, որ շատ գոհ է Բիչախչյանի մարզավիճակից։
«Դեռ հունիսին խոսել էի Վահանի հետ, գոհ եմ այդ խոսակցության արդյունքից։ Սերոբյանը մի փոքր անսովոր դիրքում խաղաց, շատ լավ հանդիպում անցկացրեց, Շաղոյանը սրեց խաղը՝ դուրս գալով փոխարինման։ Որևէ մեկից դժգոհություն չունեմ»,- ասել է Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը տանը 4։1 հաշվով ջախջախել է Լատվիայի ընտրանուն։ Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։