AM
11 September 2024 - 12:41 AMT

Շոյգու. ՌԴ–ն հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։

Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի քաղաքականությունն այդ հարցում չի փոխվել, գրում է Mehr-ը։

Շոյգուն նաև հայտարարել է, որ Մոսկվան սատարում է Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների հարցում։

Ահմադիանը ՌԴ-ում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների, ազգային անվտանգության խորհրդականների 14-րդ հանդիպմանը։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Վերջին օրերին նմանատիպ հայտարարություններ են արել Իրանի բազմաթիվ պաշտոնյաներ, նաև ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։