AM
12 Սեպտեմբեր 2024 - 15:06 AMT

Շվաբե․ Ադրբեջանը պարտավոր է կատարել ԵԽԽՎ կանոնները

ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի պետք է կատարի ԵԽԽՎ բոլոր կանոնները։ Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

Նա այդ մասին ասել է, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե ԵԽԽՎ պատգամավորների համար Ադրբեջան մուտքի արգելքը կվերացվի այն ժամանակ, երբ կվերականգնվեն ադրբեջանական պատվիրակության իրավունքները կազմակերպությունում։

«Ո՞վ է խորհուրդներ տալիս Ադրբեջանի նախագահին։ ԵԽԽՎ–ին չի կարելի շանտաժի ենթաքրկել։ Պայմանները շատ պարզ են՝ Ադրբեջանը պետք է կատարի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոնները առանց «եթեների» ու «բայցերի»։ Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և Ադրբեջանը պետք է լիարժեք համագործակցի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի հետ։ Եվ, անշուշտ, մուտքի արգելքներ չպետք է լինեն»,–նշել է Շվաբեն, հայտնում է Turan.az-ը։

ԵԽԽՎ–ն հունվարի 24–ին մեկ տարի ժամկետով չի հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ԵԽ առջև «իր հիմնական պարտավորությունները չկատարելու», ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններին դիտորդների չհրավիրելու համար։ Օգոստոսին Ադրբեջանում արգելել են որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։ Որոշմանը կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10–ը, «ձեռնպահ»՝ 4–ը։